Голосование

Может инфицированный ВИЧ человек иметь здоровый вид?


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

04.12.19

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրադրվում է անվճար հակառետրովիրուսային բուժում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 07.08.2017թ. No 2429-Ա հրամանով հաստատված «Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման» կլինիկական ուղեցույցի, որը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին (ԱՀԿ) համապատասխան:

ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնության կարիքները լինում են տարբեր, ինչից ելնելով կիրառվում է ԱՀԿ-ի կողմից առաջարկված տարբերակված բժշկական օգնության մոտեցումը: Ըստ այդմ՝ ՄԻԱՎ վարակով պացիենտներին դեղերի տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել կախված կոնկրետ պացիենտի բուժման և վարման հետ կապված մի շարք առանձնահատկություններից և հանգամանքներից, մասնավորապես՝ պացիենտի առկա կլինիկական վիճակից, բուժման սխեմայի փոփոխությունից, դեղերի ընդունման կարգը պահպանելու պարտաճանաչությունից և այլն: Ինչ վերաբերում է «դեղերը քիչ» լինելուն, ապա հարկ է նշել, որ տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած ժամանակահատվածում գործընթացների արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանում երբևէ չի եղել հակառետրովիրուսային բուժման ընդհատում: Դեղերի նոր խմբաքանակի գնման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է:
ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողության շրջանակում, համաձայն վերոնշյալ ուղեցույցի, սահմանված հաճախականությամբ իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ պացիենտի ընդհանուր վիճակը, բուժման արդյունավետությունը գնահատելու, դեղերի կողմնակի ազդեցությունները հայտնաբերելու և շտկելու նպատակով: Հետազոտությունների հաճախականությունը նույնպես կախված է մի շարք հանգամանքներից՝ պացիենտի ընդհանուր վիճակից, հիվանդության կլինիկական ընթացքից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից և այլն: Իրականացվող հետազոտություններն ինքնանպատակ չեն: Հայտնաբերված շեղումների և դրանցով պայմանավորված հետագա լրացուցիչ հետազոտություններ անցնելու մասին անխտիր բոլոր պացիենտները տեղեկացվում են բժշկի կողմից:
ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից պացիենտի գաղտնիության սկզբունքի խախտման առնչությամբ հարկ է նշել, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի բոլոր աշխատակիցները քաջատեղյակ են պացիենտի անձնական տվյալ և բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվության մշակման առանձնահատկություններին, ինչպես նաև այդ տեղեկատվության չբացահայտման հետ կապված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանված պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ իրավական նորմերին։ Իսկ եթե կա կոնկրետ անձի կողմից պացիենտի գաղտնիության սկզբունքի խախտման վերաբերյալ ինֆորմացիա, ապա այն ստանալուն պես պատրաստ ենք գործող օրենսդրությանը համապատասխան ընթացք տալ կատարվածին:
Հոդվածի հերոսի այն հայտարարությունը, թե հիվանդությունն իր մոտ «կոնսերվացված է», վկայում է նրա մոտ բուժման արդյունավետության մասին և հակասում է նրա մյուս հայտարարությանը, թե ինքն «իրական օգնություն չի տեսնում»:
Երևանյան հիվանդանոցներից մեկում վարակված լինելու պնդման առումով նշենք, որ վերջին 18 տարիներին հանրապետության բժշկական կազմակերպություններում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Իսկ իրականում քիչ չեն դեպքերը, երբ ոչ անվտանգ վարքագծի հետևանքով վարակումը պացիենտները փորձում են քողարկել նմանատիպ հայտարարություններով:
ՄԻԱՎ վարակով պացիենտներին դիսպանսերային հսկողության ծառայության շրջանակում տրամադրվում են բազմաթիվ անվճար ենթածառայություններ՝ ՀՌՎ բուժում և բուժման լաբորատոր մոնիտորինգ, օպորտունիստական վարակների ախտորոշում, կանխարգելում և բուժում, բժշկական խորհրդատվություն, ՀՌՎ դեղերի տրամադրում, նեղ մասնագիտական բժշկական օգնություն (մաշկավեներաբանական, գինեկոլոգիական, սեքսապաթոլոգիական, ֆթիզիատրիկ), համակցված վարակների կառավարում, այդ թվում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ և բուժում, տուբերկուլոզի կանխարգելիչ բուժում, լաբորատոր-գործիքային հետազոտություններ (CD4+ լիմֆոցիտների քանակի և վիրուսային ծանրաբեռնվածության որոշում, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետա-զոտություն, ուլտրաձայնային հետազոտություններ, կրծքավանդակի ռենտգենաբանական քննություն, տուբերկուլոզի վերաբերյալ խորխի հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով, ըստ անհրաժեշտության ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների որոշման հետազոտություններ, վիրուսային Բ և Ց հեպատիտների, սեռավարակների և այլ ուղեկցող վարակների վերաբերյալ հետազոտություններ, հոգեբանական, սոցիալական, իրավական հարցերով խորհրդատվություն:
ՁԻԱՀ-ի կենտրոնը ԱՆ ենթակայության այն պետական կազմակերպությունն է, որն իրականացնում է աշխատանքներ հանրապետության ողջ տարածքում, նաև Արցախի հանրապետությունում: Կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում, ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողություն, ՀՌՎ բուժում և բուժման մոնիտորինգ, օպորտունիստական և ուղեկցող հիվանդությունների ախտորոշում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և ամբուլատոր բուժում, ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգ և գնահատում: ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտները, նաև նրանց հարազատները ստանում են հոգեբանասոցիալական և իրավական հարցերով խորհրդատվություն: Իսկ մարզերում տարվող աշխատանքների արդյունավետության մասին խոսում են հետազոտվողների, իրենց կարգավիճակի մասին իմացողների և դիսպանսերային հսկողության մեջ ներգրավվողների օր-օրի աճող թվերը:
Ընդհանուր առմամբ, հոդվածի հերոսը, որը ներկայանում է որպես ՄԻԱՎ-ով վարակված անձ, ակնհայտ կեղծ և մտացածին տեղեկություն է տարածում, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է ՁԻԱՀ-ի կենտրոնի բարի համբավը, ուստի խնդրում ենք Analitik.am-ին տեղադրել սույն պարզաբանումը իր կայքում: