«ՄԻԱՎ ՎԱՐԱԿ» ԴԱՍԸՆԹԱՑ
Դասընթացի նպատակը.
ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ տրամադրելու համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող խարանի և խտրականության հարցերով բուժաշխատողների ներուժի զարգացում:
Դասընթացի խնդիրները.
• ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացում, ոլորտում գիտական նորությունների և ձեռքբերումների վերաբերյալ իրազեկում:
• ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ տրամադրելու գործնական հմտությունների ձևավորում բուժաշխատողների շրջանում:
• Բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հնարավոր խարանի և խտրականության դրսևորումների հաղթահարում/նվազեցում:
Դասընթացի լեզուն՝ հայերեն
Ի՞նչ է «ՄԻԱՎ վարակ» դասընթացը
ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողների կատարելագործման նպատակով 2010 թվականից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում (ԱԱԻ) ներդրվել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացը: Դասընթացի անցկացման բազան «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ն է (ՁԻԱՀ-ի ԿՀԿ): «ՄԻԱՎ վարակ» դասընթացն ինտեգրված է բուժաշխատողների կատարելագործման կրեդիտային համակարգում:
Ինչպե՞ս է մշակվել դասընթացը
«ՄԻԱՎ վարակ» դասընթացը մշակվել է հաշվի առնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակում նախկինում անցկացված սեմինար-վարժանքների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից աջակցվող «Կրթական կենտրոններում» և այլ ինստիտուտներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմաներով դասավանդման առաջավոր փորձը: Դասընթացի ծրագրերն ու պլանները կազմվել են ԱԱԻ և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից` ԱՀԿ-ի միջազգային խորհրդատուների աջակցությամբ, որոնց դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել դասընթացի մշակման գործընթացում:
«ՄԻԱՎ վարակ» դասընթացի ուսումնական ծրագրերն ու պլանները իրենց ձևով և բովանդակությամբ համապատասխանում են ԱԱԻ կողմից սահմանված կատարելագործման դասընթացների ուսումնական ծրագրերին և պլաններին: Դրանք քննարկվել և հաստատվել են ԱԱԻ ուսումնամեթոդական խորհրդի կողմից:
Ի՞նչ թեմաներ է ներառում դասընթացը
Դասընթացը համալիր կերպով անդրադառնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի հիմնահարցերին, որոնց թվում են ՄԻԱՎ վարակի պատճառագիտությունը և ախտածագումը, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանությունը և կանխարգելումը, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը, ՄԻԱՎ վարակի ախտորոշման չափանիշները, հիվանդության ընթացքը, օպորտունիստական և համակցվող վարակները, հակառետրովիրուսային բուժումն ու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը, հետկոնտակտային կանխարգելումը, պալիատիվ օգնությունը, ՄԻԱՎ վարակի իրավական ասպեկտները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ռազմավարությունները:
Դասընթացի յուրաքանչյուր թեմատիկ ցիկլի համար մշակված են ուսումնական նյութեր, որոնք հիմնված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ռազմավարությունների, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների, ՄԻԱՎ վարակի ժամանակ բուժման և խնամքի տրամադրման ազգային ուղեցույցների վրա և պարբերաբար թարմացվում են՝ հաշվի առնելով ոլորտի նորությունները, ԱՀԿ-ի առաջարկությունները:
Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը
Դասընթացի կազմակերպումն ու ղեկավարումն իրականացվում է ամբիոնական աշխատանքի սկզբունքների հիման վրա: Դասընթացն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների և գործնական պարապմունքների ձևով, իրականացվում են խմբային քննարկումներ, ցուցադրվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր: Ունկնդիրներին առաջադրվում են իրավիճակային խնդիրներ ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտորոշման, հակառետրովիրուսային բուժման նշանակման, պացիենտների վարման, մորից երեխայի ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման, խորհրդատվության և հետազոտության վերաբերյալ, անցկացվում է քննարկում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» հասկացությունների առնչությամբ մասնակիցների ասոցիատիվ պատկերացումների շուրջ, մոդելավորվում են բուժաշխատող-այցելու փոխհարաբերությունների հետ կապված իրավիճակներ ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ բուժաշխատողների կողմից հնարավոր խարանն ու խտրական վերաբերմունքը հաղթահարելու կամ մեղմելու նպատակով:
Ունկնդիրների շրջանում անցկացվում են հարցումներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ նրանց պատկերացումներն ու գիտելիքները, նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, խարանն ու խտրականությունը նախքան դասընթացը և դասընթացի ավարտին:
Ինչպե՞ս է ապահովվում դասընթացի արդյունավետությունը
Պարբերաբար անցկացվում են ուսումնական խորհրդակցություններ, որոնք վարում է դասընթացի գիտական ղեկավարը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են դասավանդման գործընթացում առաջացող խնդիրները, ուսումնամեթոդական և կազմակերպչական հարցեր. վերլուծվում են ունկնդիրների հարցումների արդյունքները, քննարկվում են ունկնդիրների հավաքագրման նախնական պլանները, ուսումնական գործընթացի բարելավման, թեմաների ներկայացումների և հարցաթերթիկների վերանայման հետ կապված դասավանդողների առաջարկությունները, դասընթացի վերաբերյալ մասնակիցների առաջարկություններն ու դիտողությունները: Դասավանդողներին տրվում են համապատասխան հանձնարարականներ ուսումնական նյութերի վերանայման, ուսումնամեթոդական գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նաև պարբերաբար ուսումնասիրվում է լավագույն դասավանդողների փորձը, հաշվի, առնելով միջազգային առաջավոր փորձը` ներդրվում են դասավանդման առավել արդյունավետ տարբերակներ: Իրականացվում են միջոցառումներ դասավանդողների դասախոսական հմտությունների զարգացման նպատակով:
«ՄԻԱՎ վարակ» դասընթացն էական ներդրում ունի բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճի, կլինիկական մտածելակերպի զարգացման, կլինիկական ցուցումներով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված և ախտորոշում ստացածների թվի, ՄԻԱՎ վարակի հայտնաբերման գործակցի, հակառետրովիրուսային բուժման ծածկույթի աճի, նաև ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի նվազեցման հարցերում:
Դասընթացը ներառում է 6 թեմատիկ ցիկլ` յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ
1. «ՄԻԱՎ վարակի ժամանակ բուժման և խնամքի տրամադրում»՝ ընտանեկան բժիշկների, վարակաբանների, ֆթիզիատորների, հեմատոլոգների, ռեանիմատոլոգների, ուռուցքաբանների, նարկոլոգների, նյարդաբանների, թերապևտների, ռևմատոլոգների, գաստրոէնտերոլոգների, թոքաբանների համար,
2. «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում»՝ մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբույժների, նեոնատոլոգների համար
3. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր»՝ առողջապահության կազմակերպիչների, համաճարակաբանների համար,
4. «ՄԻԱՎ վարակի ախտորոշում»՝ լաբորատոր բժիշկների համար,
5. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցեր»` բուժքույրերի, մանկաբարձուհիների, լաբորանտների, համաճարակաբանի օգնականների համար,
6. «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն»՝ գինեկոլոգների, ուրոլոգների, մաշկավեներաբանների, սեքսապաթոլոգների, նարկոլոգների, հոգեբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնատոլոգների, մանկաբույժների, քիթ-կոկորդ-ականջաբանների, նեֆրոլոգների, ակնաբույժների, ստոմատոլոգների, վիրաբույժների համար: