ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով



«ՄԻԱՎ ՎԱՐԱԿ» ԴԱՍԸՆ­ԹԱՑ

 

Դասընթացի նպատակը.

ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ տրամադրելու համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող խարանի և խտրականության հարցերով բուժաշխատողների ներուժի զարգացում:

 

Դասընթացի խնդիրները.

• ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացում, ոլորտում գիտական նորությունների և ձեռքբերումների վերաբերյալ իրազեկում:

• ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ տրամադրելու գործնական հմտությունների ձևավորում բուժաշխատողների շրջանում:

• Բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հնարավոր խարանի և խտրականության դրսևորումների հաղթահարում/նվազեցում:

 

Դասընթացի լեզուն՝  հայերեն

 

Ի՞նչ է «ՄԻԱՎ վարակ» դասընթացը

ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխա­տողների կատարելագործման նպատակով 2010 թվականից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում (ԱԱԻ) ներդրվել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացը: Դասընթացի անցկաց­ման բազան «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ն է (ՁԻԱՀ-ի ԿՀԿ): «ՄԻԱՎ վարակ» դասըն­թացն ինտեգրված է բուժաշխատողների կատարե­լա­գործման կրեդիտային հա­մա­կարգում:

 

Ինչպե՞ս է մշակվել դասընթացը

«ՄԻԱՎ վարակ» դասընթացը մշակվել է հաշվի առնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակում նախկինում անցկացված սեմինար-վարժանքների, Առողջապա­հության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից աջակցվող «Կրթական կենտրոններում» և այլ ինստիտուտներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմաներով դասավանդման առաջավոր փորձը: Դասընթացի ծրագրերն ու պլանները կազմվել են ԱԱԻ և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետներից կազմված աշխատան­քային խմբի կողմից` ԱՀԿ-ի միջազգային խորհրդատուների աջակցությամբ, որոնց դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել դասընթացի մշակման գործընթացում:

«ՄԻԱՎ վարակ» դասընթացի ուսումնական ծրագրերն ու պլանները իրենց ձևով և բովան­դակությամբ համապատասխանում են ԱԱԻ կողմից սահմանված կատարե­լագործման դաս­ըն­թացների ուսումնական ծրագ­րերին և պլաններին: Դրանք քննարկվել և հաս­տատվել են ԱԱԻ ուսումնա­մեթո­դական խորհրդի կողմից:

 

Ի՞նչ թեմաներ է ներառում դասընթացը

Դասընթացը համալիր կերպով անդրադառնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի հիմնահարցերին, որոնց թվում են ՄԻԱՎ վարակի պատճառագիտությունը և ախտա­ծագումը, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանությունը և կանխարգելումը, ՄԻԱՎ վա­րակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը, ՄԻԱՎ վարակի ախտո­րոշման չափանիշները, հիվանդության ընթացքը, օպորտունիստական և համակցվող վարակները, հակառետրովիրուսային բուժումն ու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանց­ման կանխարգելումը, հետկոնտակտային կանխարգելումը, պալիա­տիվ օգնությունը, ՄԻԱՎ վարակի իրավական ասպեկտները, ՄԻԱՎ-ով ապրող մարդ­կանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխար­գելման ազգային ռազմավարությունները:

Դասընթացի յուրաքանչյուր թեմատիկ ցիկլի համար մշակված են ուսումնական նյութեր, որոնք հիմնված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ռազմա­վա­րությունների, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազո­տությունների, ՄԻԱՎ վարակի ժամանակ բուժման և խնամքի տրամադրման ազգային ուղե­ցույցների վրա և պարբերաբար թարմացվում են՝ հաշվի առնելով ոլորտի նորությունները, ԱՀԿ-ի առաջարկությունները:

 

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Դասընթացի կազմակերպումն ու ղեկավարումն իրականացվում է ամ­բիո­նական աշխատանքի սկզբունք­նե­րի հիման վրա: Դասընթացն անցկաց­վում է դասախո­սությունների, սեմի­նար­ների և գործնական պա­­րապ­մունքների ձևով, իրակա­նաց­վում են խմբային քննարկումներ, ցուցադրվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր: Ունկնդիրներին առաջադրվում են իրա­վի­ճակային խնդիրներ ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտո­րոշման, հակառետրովիրուսային բուժման նշանակման, պացիենտների վարման, մորից երեխայի ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման, խորհրդատվության և հետազոտության վերաբերյալ, անցկացվում է քննարկում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» հասկացությունների առնչութ­յամբ մաս­նա­կիցների ասոցիատիվ պատկե­րա­ցումների շուրջ, մոդելավորվում են բուժաշ­խա­տող-այ­ցելու փոխհարաբե­րութ­յուն­նե­րի հետ կապված իրավիճակներ ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ բուժաշխա­տող­ների կող­մից հնարավոր խարանն ու խտրական վերաբերմունքը հաղթա­հա­րելու կամ մեղմելու նպա­տակով:

Ունկնդիրների շրջանում անցկաց­վում են հար­ցում­ներ, որոնք հնարավորություն են տալիս գնա­հա­տելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնա­հար­ցերի վե­րա­բեր­յալ նրանց պատ­կերա­ցումներն ու գիտելիքները, նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, խարանն ու խտրականությունը նախքան դասընթացը և դասընթացի ավարտին:

 

 Ինչպե՞ս է ապահովվում դասընթացի արդյունավետությունը

Պարբերաբար անցկացվում են ուսումնական խորհրդակցություններ, որոնք վարում է դասընթացի գիտա­կան ղեկավարը: Խորհրդակ­ցու­թյուն­ների ընթացքում քննարկվում են դա­սավանդման գործընթացում առաջա­ցող խնդիրները, ուսումնա­մեթոդա­կան և կազ­մա­կերպչական հարցեր. վերլուծվում են ունկնդիրների հար­ցումների արդյունքները, քննարկվում են ունկնդիրների հավաքագրման նախնական պլանները, ուսումնական գործընթացի բարելավման, թեմաների ներկայացումների և հարցաթեր­թիկների վերա­նայման հետ կապված դասավանդողների առաջար­կութ­յունները, դասընթացի վերաբերյալ մասնակիցների առաջարկություն­ներն ու դիտո­ղութ­­յունները: Դասավանդող­ներին տրվում են համապատասխան հանձնարա­րականներ ուսումնա­կան նյութերի վերանայման, ուսումնա­մեթոդական գործընթացի բարելավման և արդ­յու­նա­վետության բարձրացման ուղղությամբ:

Նաև պարբերաբար ուսումնասիրվում է լավագույն դասավանդողների փորձը, հաշվի, առնելով միջազգային առաջավոր փորձը` ներդրվում են դասավանդման առավել արդյու­նավետ տարբերակներ: Իրականացվում են միջոցա­ռումներ դասավանդողների դասա­խոսական հմտությունների զարգացման նպատակով:

«ՄԻԱՎ վարակ» դասընթացն էական ներդրում ունի բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճի, կլինիկական մտածելակերպի զարգացման, կլինիկական ցուցումներով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտ­ված և ախտորոշում ստացածների թվի, ՄԻԱՎ վարակի հայտնաբերման գործակցի, հակա­ռետրովիրուսային բուժման ծածկույթի աճի, նաև ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի նվազեցման հարցերում:

 

Դասընթացը ներառումէ 6 թեմատիկ ցիկլ` յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ


1.  «ՄԻԱՎ վարակի ժամանակ բուժման և խնամքի տրամադրում»՝ ընտանեկան բժիշկների, վարակաբանների, ֆթիզիատորների, հեմատոլոգների, ռեանիմա­տոլոգների, ուռուցքաբանների, նարկոլոգների, նյարդաբանների, թերապևտ­ների, ռևմատոլոգների, գաստրո­էնտե­րոլոգների, թոքաբանների համար,

2.  «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում»՝ մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբույժների, նեոնատոլոգների համար

3.  «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր»՝ առողջապահության կազմակեր­պիչ­ների, համաճարակաբանների համար,

4.  «ՄԻԱՎ վարակի ախտորոշում»՝ լաբորատոր բժիշկների համար,

5.  «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցեր»` բուժքույրերի, մանկաբարձուհիների, լաբորանտների, համաճարակաբանի օգնականների համար,

6.  «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն»՝ գինեկոլոգների, ուրոլոգների, մաշկավեներաբանների, սեքսապա­թո­լոգ­ների, նար­կոլոգների, հոգեբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնա­տո­լոգների, մանկաբույժների, քիթ-կոկորդ-ականջաբանների, նեֆրոլոգ­ների, ակնաբույժ­ների, ստոմատոլոգների, վիրաբույժների համար: 



Դասընթացի անցկացման պլանին կարող եք ծանոթանալ այստեղ.