ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝
 

1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
2002 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
2007 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%
2010 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 10,7%
2012 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,3%
2014 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 4%:
2016 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 0,5%


1988թ. մինչև 2017թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2633 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր անցած տարիների համեմատ: 2016թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 303 դեպք: 
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1822 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 811 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 45 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ: 

ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (67%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (24%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների. 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 67,0%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով   24,0%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 3,0%
Մորից երեխային 1,5%
Արյան միջոցով 0,1%
Անհայտ 4,4%


ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1373-ի մոտ (կին` 348, երեխա` 27) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 165-ի մոտ՝ 2016թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 584 դեպք: Մահացածների թվում կան 105 կին և 8 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%): 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 832 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31,6%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 123,8, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը համապատասխանաբար 116,9; 84,1; 83,3: 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3600:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: