Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 


Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝
 

1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
2002 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
2007 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%
2010 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 10,7%
2012 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,3%
2014 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 4%:
2016 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 0,5%


1988թ. մինչև 2018թ հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3125 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 217-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2163 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 962 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 54 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (69%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (21,5%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների. 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի  69,0%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով   21,5%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 3,5%
Մորից երեխային 1,5%
Արյան միջոցով 0,1%
Անհայտ 4,4%

 

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1579-ի մոտ (կին` 404, երեխա` 30) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 738 դեպք: Մահացածների թվում կան 137 կին և 10 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 961 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 144,7 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերը համապատասխանաբար 140,9; 106,1; 98,1:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3400, որոնցից 2017թ. վերջի դրությամբ միայն 67%-ը գիտեր իր կարգավիճակի մասին: Իրենց կարգավիճակի մասին իմացող մարդկանցից ՀՌՎ բուժում ստանում էր 67%-ը, որոնցից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 85%-ը:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: