Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

 

1988   - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեք-սուալ ճանապարհ

1988   - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը

1989   - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից

1990   - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

1996   - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը

2000   - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

2001   - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը

2001   - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը

2002   - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%

2007   - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%

2010   - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 10,7%:

2012   - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,3%:

2014   - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 4%:

2016  -  թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 0,5%:

 

1988թ. մինչև 2018թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3204 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 296-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2222 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 982 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 55 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (69%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (21%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 69,0%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 21,0%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 4,0%
Մորից երեխային 1,5%
Արյան միջոցով 0,1%
Անհայտ 4,4%

 

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1621-ի մոտ (կին` 418, երեխա` 31) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 751 դեպք: Մահացածների թվում կան 140 կին և 11 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 986 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 150,1 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերը համապատասխանաբար 142,7; 108,3; 101,6:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3400, որոնցից 2017թ. վերջի դրությամբ միայն 67%-ը գիտեր իր կարգավիճակի մասին: Իրենց կարգավիճակի մասին իմացող մարդկանցից ՀՌՎ բուժում ստանում էր 67%-ը, որոնցից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 85%-ը:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: