Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

 

1988   -    ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեք-սուալ ճանապարհ

1988   -    ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը

1989   -    մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից

1990   -    թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

1996   -    կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը

2000   -    հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

2001   -    երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը

2001   -    ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը

 

1988թ. մինչև 2018թ դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3337 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2313 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1024 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 58 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (69%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (21%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի

69,0%

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով

21,0%

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի

   4,0%

Մորից երեխային

1,5%

Արյան միջոցով

0,1%

Անհայտ

4,4%

 

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1695-ի մոտ (կին` 435, երեխա` 33) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 770 դեպք: Մահացածների թվում կան 145 կին և 11 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1026 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4% (380): ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 156,3 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիր մարզերը համապատասխանաբար` 145,8; 112,6; 106,9:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3400, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 76%-ը (2589) գիտի իր կարգավիճակի մասին, որոնցից ՀՌՎ բուժում ստանում է 72%-ը (1871): 2017թ. վերջի դրությամբ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ ՀՌՎ բուժում ստացողների 85%-ը:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: