Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

1988   -    ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ

1988   -    ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը

1989   -    մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից

1990   -    թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

1996   -    կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը

2000   -    հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

2001   -    երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը

2001   -    ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը


1988թ. մինչև 2019թ մայիսի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3555 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2463 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1092 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 59 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (71%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (20%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.  

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի

71.8%

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով

20.0%

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի

4.3%

Մորից երեխային

1.5%

Արյան միջոցով

0.1%

Անհայտ

2.3%

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1781-ի մոտ (կին` 452, երեխա` 34) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 825 դեպք: Մահացածների թվում կան 158 կին և 11 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1097 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3% (403): ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 165,7 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերը համապատասխանաբար` 153,3; 121,2; 113,9:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 74%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, որոնցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871), նրանցից էլ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ 86%-ը (1585):

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: