ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝
1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
1988թ. մինչև 2019թ մայիսի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3520 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2444 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1076 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 59 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (71%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (20%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.
Հետերոսեքսուալ փոխանցման ուղի |
71.5% |
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով |
20.1% |
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի |
4.5% |
Մորից երեխային |
1.5% |
Արյան միջոցով |
0.1% |
Անհայտ |
2.3% |
ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1761-ի մոտ (կին` 446, երեխա` 33) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 819 դեպք: Մահացածների թվում կան 158 կին և 11 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):
2014-2018թթ. ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակով պացիենտների կեսից ավելին՝ 56%-ը, հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում, մոտ 10%-ը կազմում են նրանց զուգընկերները, այսինքն՝ 66% դեպքերում առկա է միգրացիայի գործոնը:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1089 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3% (397): ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 163,2 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերը համապատասխանաբար` 152,4; 120,4; 112,4:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 74%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, որոնցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871), նրանցից էլ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ 86%-ը (1585):
ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: