Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

1988   -    ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեք-սուալ ճանապարհ

1988   -    ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը

1989   -    մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից

1990   -     թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

1996   -    կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը

2000   -    հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

2001   -     երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը

2001   -    ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը

 

1988թ. մինչև 2019թ հոկտեմբերի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3694 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2562 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1132 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 61 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (72%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (20%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի

72.0%

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով

19.5%

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի

5%

Մորից երեխային

1.4%

Արյան միջոցով

0.1%

Անհայտ

2.0%

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1835-ի մոտ (կին` 468, երեխա` 35) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 841 դեպք: Մահացածների թվում կան 162 կին և 12 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (99%):

2014-2018թթ. ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակով պացիենտների կեսից ավելին՝ 56%-ը, հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում, մոտ 10%-ը կազմում են նրանց զուգընկերները, այսինքն՝ 66% դեպքերում առկա է միգրացիայի գործոնը:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1136 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3% (417): ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 171,5 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերը համապատասխանաբար` 162,7; 123,4; 120,1:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 74%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, որոնցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871), նրանցից էլ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ 86%-ը (1585):

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: