Քվեարկություն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

 

1988   -    ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեք-սուալ ճանապարհ

1988   -    ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը

1989   -    մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից

1990   -     թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

1996   -    կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը

2000   -    հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը

2001   -     երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը

2001   -    ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը

 

1988թ. մինչև 2020թ հունվարի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3825 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 448-ը` 2019թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2653 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1172 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 63 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը 50,5%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (72%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (19%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի

72,0%

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով

19,0%

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի

   5,0%

Մորից երեխային

1,4%

Արյան միջոցով

0,1%

Անհայտ

2,5%

 

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1881-ի մոտ (կին` 487, երեխա` 35) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 870 դեպք: Մահացածների թվում կան 168 կին և 12 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (99%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1161 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 30%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3% (433): ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 178,0 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը համապատասխանաբար` 168,9; 129,9; 125,3:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 74%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, որոնցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871), նրանցից էլ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ 86%-ը (1585):

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: